Բոլոր սիրո դրսևորումները, որոնք մենք հանդիպել ենք մեր կյանքում,միայն հայրենիքն է, որ բոլորը ներառում է իր մեջ: Սրանք 44-օրյա պատերազմի մասնակից 19-ամյա Գրիգոր Ղազարյանի խոսքերն են հայրենիքի մասին։
Գրիգոր Ղազարյանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 20-ին,Երևանում։ Սովորել է Հերացու անվան դպրոցում, այնուհետեւ ընդունվել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան,բայց չի հասցրել սովորել այնտեղ և մեկնել է ծառայության։ Եղել է սկաուտական և արժանացել մի շարք պատվոգրերի և մրցանակների։ Հաճախել է Ժորա Այվազյանի պարային կենտրոն և Նարեկացի պարային կենտրոն։
«Գրիգս շատ էր սիրում պարել, և ամենաշատը հայկական ազգագրական պարեր էր պարում։ Քանի որ սկաուտական էլ էր, հենց այդ պատճառով իր հայրենասիրության ոգին մեծ էր։ Գրիգի համար հայրենիքից առավել ոչինչ չկար կյանքում»- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Գրիգորի մանկության ընկերուհին` Լաուրան։
2019թ-ի հուլիսի 12-ին Գրիգորը մեկնում է ծառայության Արցախի Հանրապետության Եղնիկներ զորամասում։ Գրիգորը զոհվում է սեպտեմբերի 28-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածից:
«Գրիգը հակաօդային պաշտպան էր,և այդ օրերին առանց վախի կռվում էր։Իր վիրավոր ընկերը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին,Գրիգը ասում էր,որ կապերը վերականգնվի պիտի զանգի ավագ եղբորը,որ իր համար համազգեստ բերի,և ընկերը զարմացել էր ու հարցնում էր թե ոնց կարող է իր եղբայրը հասնել այնտեղ այդ թեժ կռվի ժամանակ,բայց Գրիգը վստահեցրել էր ընկերոջը ,որ իր եղբայրը կգնա։Եվ հենց այդ օրը երեկոյան Գևորգ Ղազարյանը`Գրիգորի ավագ եղբայրը հասնում է դիրքեր,ու Գրիգորը ընկերոջը կանչում է եղբոր հետ ծանոթացնելու։Վերջին անգամ եղբայրները տեսան իրար։ Գևորգին ուրիշ դիրքեր էին տարել և նա մինչև հոկտեմբերի 7-ը չէր իմացել եղբոր զոհվելու մասին»,- հիշեց Լաուրան։
Լաուրայի խոսքով` կյանքը կարծեղ կանգ է առել Գրիգորի զոհվելուց հետո. «Մենք մեր ամենաթանկին տվել ենք հայրենիքին,և ասեմ, որ հենց իր կամքն էր դա: Նա ամեն ինչի պատրաստ էր հայրենիքի համար։ Նա անգամ պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքի փրկության համար,և նա արեց այդ քայլը։ Ես հպարտությամբ կարող եմ բարձրաձայնել,որ իր նման հերոս եղբայր ունեմ։ Ցավս շատ մեծ է»։
Գրիգոր Ղազարյանը հետմահու Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական խաչ» և «Արիության համար» մեդալների։