Մոտ 4 տարի, շուրջ 35 մլն դոլար, եւ Երեւանում մետրոյի 11-րդ կայարանն արդեն իրականություն կդառնա։ Այն ամբողջությամբ իրականացվելու է պետության կողմից, հավանաբար վարկային միջոցներով։ Նախագծման մրցույթն արդեն ավարտվել է, հայտնի է, որ հաղթողը ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն է։ «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենը բացի գործարքի ֆինանսական կողմից շեշտել է նաեւ բարեկամականը՝ հիշեցնելով՝ հենց իրենց ընկերությունն է ժամանակին կառուցել երեւանյան մետրոյի ցանցը։
Հաջորդ կայարանը՝ Աջափնյակ։ Մետրոյի ուղեւորների նոր կանգառը կլինի Հալաբյան փողոցի վրա՝ Աբելյանի հետ հատվող մասում, նախկին «Արագած» կինոթատրոնի դիմաց։ Այստեղ գնացքները կհասնեն Հրազդանի կիրճի վրա կառուցվելիք նոր կամրջով։
«Բարեկամությունից» բարեկամությամբ. մի դեպքում մետրոյի կայարանն է, մյուս դեպքում՝ ռուսական ընկերության մոտեցումը: Հայաստանում մետրոյի նոր կայարանը կկառուցի ժամանակին ցանցի կառուցման աշխատանքին մասնակցած ընկերությունը։ Շուրջ 90 տարվա պատմությամբ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Զեմելմանը «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում խոստանում է՝ նոր կայարանն անկրկնելի տեսք է ունենալու։
Ամբողջությամբ՝ armradio.am