Ես էլ, շատերի նման, մեծ հույսեր եմ կապում այս տարվա հետ. Մերի Ներսիսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես էլ, շատերի նման, մեծ հույսեր եմ կապում այս տարվա հետ. Մերի Ներսիսյան. life.panorama.am

Տոնական հեքիաթային տրամադրությունը շարունակվում է հատկապես նրանց տանը, որտեղ փոքրիկներ են բնակվում: Հաղորդավարներ Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի տանը տոները դեռ շարունակվում են.

«Նոր տարին ինձ համար ընտանեկան տոն է, ուստի անչափ կարևոր է, որ ամանորի կախարդական գիշերն իմ կողքին լինեն իմ հարազատներն ու ընկերները: Խորհրդավոր մի բան կա այդ գիշերվա մեջ, որն ուզում ես կիսել սիրելիներիդ հետ: Այս տարի Նոր տարին շատ ուրախ դիմավորեցինք. իմ ու եղբորս ընտանիքները հավաքվեցինք ծնողներիս տանը ու միասին մուտք գործեցինք աքաղաղի տարի: Այնպես էինք կազմակերպել, որ երեխաներն էլ արթուն լինեին, որովհետև նրանց խինդն ու ուրախությունը վարակիչ է ու օգնում է մեզ` մեծահասակներիս, զգալ տոնի հեքիաթը: Կեսգիշերին անակնկալ հրավառություն կազմակերպեցինք փոքրիկների համար, ինչն, իհարկե, մեզ ավելի ուրախացրեց»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մերին ու պատմեց տոների հետ կապված իրենց ընտանեկան ավանդույթների մասին.

«Մենք Նոր տարուն սկսում ենք նախապատրաստվել մեկ ամիս առաջ. Էվայի հետ նախ հետհաշվարկի օրացույց ենք պատրաստում, ինչն ապահովում է, որ նոր տարուց տասնհինգ օր առաջ ամեն օր Էվան մի անակնկալի արժանանա: Հետո նամակ ենք գրում ձմեռ պապիկին, մանկական ներկայացումների գնում, ամանորյա հետաքրքիր դեկորներ, բացիկներ ենք պատրաստում: Այս տարի իմ դստեր` Սառայի առաջին Նոր տարին էր, իհարկե նա դեռ վեց ամսական է, շատ բան չի հասկանում, բայց, այնուամենայնիվ, փորձել ենք ամեն ինչում ներգրավել նրան. գեղեցիկ ամանորյա հագուստներ էինք պատրաստել նրա համար, նաեւ նոր տարվա թեմայով լուսանկարահանում կազմակերպեցինք և այլն»:

Խոսելով Ձմեռ պապի անակնկալից` երջանիկ մայրիկը պատմեց.

«Էվայի հետ որոշել էինք այս տարի Ձմեռ պապիկից հստակ ոչինչ չուզել, Էվան խնդրել էր, որ Ձմեռ պապիկը ինքը որոշի ` հաշվի առնելով Էվայի սրտում թաքնված պահաանջը: Եվ գիշերը աղջկաս ուրախությանը չափ ու սահման չկար, երբ դուռը բացեց ու տեսավ դռան առաջ դրված հովերբոարդը: Ձմեռ պապը Սառային էլ չէր մոռացել»:

Թեման շարունակելով` հարցին, թե Մերիի «Ձմեռ պապն» ի՞նչ անակնկալ էր պատրաստել իր համար, ժպիտով պատասխանեց.

«Իսկ իմ Ձմեռ պապը իմ ամուսինն է, ով կարդացել էր նամակս ու կատարել ցանկություններս»:

Մերի Ներսիսիյանը մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ իր ցանկությունների մասին.

«Ուզում եմ այս տարի չլսենք պատերազմ բառը, խոսենք միայն նոր ձեռքբերումների մասին, հպարտանանք մեր հաջողություններով, պարծենանք մեր ամուր առողջությամբ ու չունենանք տխրելու եւ մտահոգվելու որևէ առիթ: Ես էլ, շատերի նման, մեծ հույսեր եմ կապում այս տարվա հետ. բազմաթիվ նոր մտքեր, գաղափարներ ունեմ և շատ եմ ցանկանում դրանք իրականացնելու հնարավորություն ստանալ»,- ավարտեց հաղորդավարուհին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am