Երևանի Դավիթաշենի կամրջից երեկ` նոյեմբերի 2–ին իրեն նետած 16-ամյա տղան դեպքի նախորդ օրը տոնել էր ծննդյան տարեդարձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ ականատեսների խոսքով` տղան դեպքի պահին եղել է միայնակ ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել:
«Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չկա»,- ասաց Թադևոսյանը:
Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:
Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով։
Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել:
«Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»,- ասաց ՔԿ-ի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները կամրջի տակից հայտնաբերել են Հ․ Ա․-ի (ծնված 2005 թ․) դին։