Ինչո՞ւ է աճել մահացությունների թիվը. համաճարակաբանը` «Դելտայի» ու ԱՆ քաղաքականության մասին
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է աճել մահացությունների թիվը. համաճարակաբանը` «Դելտայի» ու ԱՆ քաղաքականության մասին

Բժիշկ–համաճարակաբան Էդուրադ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակին և խոսել մասնավորապես «Դելտա» շտամի պատճառով ռիսկային գոտում հայտնված տարիքային տարբեր խմբերի մասին։

Կորոնավիրուսի համավարակից մահացածների հարաբերակցությունն այս տարի ավելի շատ է նախորդ տարվա համեմատությամբ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ երեխաներին, ապա նրանց առնչվող իրավիճակը կախված է տարբեր գործոններից, և կարևոր է, թե մենք ինչ ենք գրանցում, հետազոտում ու ներկայացնում հանրությանը։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց բժիշկ–համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով` «Դելտա» շտամի հետ կապված ինֆորմացիան կարելի է ստանալ բաց աղբյուրներից, ըստ այդմ` բազմաթիվ երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ վարակի տեսակը տարածվում է շատ արագ, ունի ավելի բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն, որի պայմաններում հիվանդությունը զարգանում է ավելի արագ։

«Մինչ օրս չենք տեսնում համավարակով պայմանավորված մահվան դեպքերի համակողմանի վերլուծությունը, առողջապահության նախարարությունը տվյալներ չի ներկայացնում, մինչդեռ նախորդ տարվա բացահայտված տվյալների հիմքի վրա արդեն պարզ դարձավ, որ մահացածների 85 տոկոսը 65–ից բարձր տարիքային խմբի անձինք էին։ Այս տարվա հետ կապված իրավիճակը դեռ հստակ չէ, որովհետև որևէ բաց աղբյուրում որևէ տեղեկություն չկա»,– նշեց բժիշկ–համաճարակաբանը։

Հովհաննիսյանի խոսքով` անցյալ տարի համաճարակը սկսել էր ավելի ակտիվ խմբերից, երիտասարդներից, թեև այդ մարդկանց շրջանում մահացության աստիճանն այդքան բարձր չէր, մինչդեռ այսօր համավարակը հասել է նույնիսկ այն մարդկանց, որոնք տանն են, շատ դուրս չեն գալիս, վարում են մեկուսի կյանք։

Հիմա թիրախային խմբում են հայտնվել ծերերն ու թոշակառուները, և գուցեև այդ հանգամանքով է պայմանավորված մահացությունների աճը։

«Ունենք խնդիր, ըստ որի` նախահիվանդանոցային խնամքն այդպես էլ նորմալ չկազմակերպվեց։ Մարդկանց ուշ ենք դիագնոզում, ամբուլատոր բուժումը պատճաշ կերպով չի իրականացվում, մարդկանց առողջությունը դրանից ավելի է վատթարանում։ Շատերին հիվանդանոց են բերում, երբ վիճակն արդեն ծայրահեղ ծանր է, ինչը նույնպես նպաստում է մահացությունների աճին»,– ասաց բժիշկ–համաճարակաբանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` «Դելտա» շտամը հայտնաբերելու համար պետք է սեկվենավորում կատարել, որպեսզի հասկանալի դառնա, թե հիմա որքանով է այն տարածված։

Միայն լրատվամիջոցներով հրապարակվող տեղեկատվությունը հիմք չէ պնդելու, որ երեխաներն հիմա ավելի շատ են վարակվում, ուստի ապացուցողական կարող է լինել միայն մասնագիտական հետազոտության վրա խարսխված վիճակագրությունը։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը շատ բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին:

Հավելենք, որ ներկայում կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են 96 երկրում:

Հարկ է նշել, որ այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «Ալֆա» շտամը, որը հայտնաբերվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին:

armeniasputnik.am