Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է սկսվի այնպիսի սկզբունքների հիման վրա, պետք է սահմանվեն այնպիսի «կարմիր գծեր», որ նոր վտանգներ չստեղծվեն Հայաստանի ու Արցախի համար: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը:
«Մենք պետք է հետևենք զարգացումներին ու «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքն առաջ տանենք՝ ապացուցելով, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը էթնիկ բնաջնջման մեծ վտանգ է պարունակում: Մենք պետք է Արցախի համար կարողանանք հասնել այնպիսի իրավիճակի, որ ժամանակի հետ Ադրբեջանը կորցնի Արցախի հանդեպ իրավական ու քաղաքական իրավունք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փորձագետը:
Անդրադառնալով, Ադրբեջանի, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» մասին հայտարարություններին՝ Սոսի Թաթիկյանը նշեց, որ ճանապարհների ապաշրջափակումը բացառում է միջանցքի գաղափարը, այլ ոչ թե դրա մի աստիճան է:
«Ժամանակակից աշխարհում ճանապարհների ապաշրջափակումը դիտվում է դրական, իսկ մեր տարածաշրջանի իրավիճակը, որը ձգվում է տասնամյակներ շարունակ, հակաբնական է ընկալվում: Եվ մենք պետք է կարողանանք դա կապիտալիզացնել մեր ռազմավարական հաղորդակցության համար: Մենք պետք է շեշտենք, որ միջանցքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա՝ այդ հարցը դուրս մղելով օրակարգից: Մենք պետք է ընդգծենք, որ միջանցքը միայն Ադրբեջանի համար անհրաժեշտ է դարձել այն պատճառով, որ հենց ինքը տարիներ շարունակ շրջափակման մեջ է պահել ճանապարհները: Ու եթե տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, ապա միջանցքի անհրաժեշտություն չի զգացվի»,- ասաց Սոսի Թաթիկյանն՝ ընդգծելով, որ ապաշրջափակման պարագայում պետք է տեղում սահմանային անցակետեր, մաքսային ծառայություններ հիմնվեն:
«Կարծում եմ, որ երեկվա ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ այդ տարրերը զգացվում են: Այնտեղ կան հուսադրող տարրեր այն մասին, որ ՌԴ-ն նույնպես համոզվել է միջանցքի անհրաժեշտություն չլինելու հարցում, կա ճանապարհների ապաշրջափակման անհրաժեշտություն: Կարծում եմ, որ պետք է հասկանալ, թե ինչպես այդ ճանապարհներն օգտագործվեն, որ Հայաստանի համար չառաջացնեն նոր անվտանգային խնդիրներ»,- հավելեց փորձագետը: