ՀՀ քննչական կոմիտեն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նոյմեբերյանի բնակչուհին սպանվել է տանն առաջացած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին վաղ առավոտյան։
57-ամյա բնակչուհին իր տանը վիճաբանել է նույն քաղաքի 39-ամյա բնակչի հետ։ Այդ ընթացքում տղամարդը դիտավորությամբ հարվածներ է հասցրել 57-ամյա կնոջ դեմքի և գլխի շրջանում, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Կինը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ նոյեմբերի 5-ին մահացել է։
Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, որն անզգուշության պատճառով առաջացրել է տուժողի մահ) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։
Նա տվել է նաև խոստովանական ցուցմունք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է: