Արցախի` Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում ջրագծի աշխատանքներ կատարելու համաձայնություն են ունեցել ինչպես ադրբեջանական կողմի, այնպես էլ՝ խաղաղապահների հետ։ Հիվանդանոց այցելած Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց դեպքի հետևանքով վիրավորում ստացածներից մեկը` Գագիկ Ղազարյանը։
Նոյեմբերի 8-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մոտ՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ջրագծի վրա աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկ մարդ՝ զոհվել:
Գևորգ Մելքումյան
«Գևորգը ռուսերեն ասաց` մենք աշխատում ենք, ջրագիծն ենք նորոգում, սակայն զինվորը նորից սկսեց գոռալ և ռուսերեն հայհոյել։ Հետո երկու քայլ հետ գնաց ու սկզբում ուզում էր ավտոմատից կրակել, սակայն այն ցած իջեցրեց ու ատրճանակը հանեց, լիցքավորեց և մեզ թվաց` մեզ վախեցնում է։ Սակայն նա շրջվեց ու հետևում կանգնած Մարտիկ Երեմյանի գլխին կրակեց ու սպանեց նրան։ Դրանից հետո նա Գևորգին ու Արմենի վրա կրակեց, իսկ ես էքսկավատորի շարժիչը գործի դրեցի, որպեսզի շրջադարձ կատարեմ, սակայն ադրբեջանցին վազեց ու փակեց մեքենայի ճանապարհը»,– պատմեց Ղազարյանը։
Արմեն Սարգսյան
Նրա խոսքով` այդ ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել ու վազել՝ մեքենան է նստել, իսկ Գևորգ Մելքումյանն էլ էքսկավատորն է բարձրացել։ Սակայն ադրբեջանցի զինվորականն այդ պահին կրակել է կրկին Գևորգի վրա և այս անգամ հենց իր` Ղազարյանի ուղղությամբ։ Այնուհետև մեքենայով հեռացել են տարածքից, իսկ ադրբեջանցին ևս մեկ կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն արդեն վրիպել է։
Գևորգ Մելքումյանն էլ իր հերթին հավելեց, որ երբ ադրբեջանցի զինվորականը սկսել է կրակել, իրենք չեն կարողացել ինքնապաշտպանվել։ «Զենք չենք ունեցել` ինչո՞վ պաշտպանվենք»,–ասաց նա։
Խաչիկի և Շուշիի կրակոցների դեպքերի մանրամասները ռուսական կողմին են փոխանցվել
Հիվանդանոցի բժիշկներն էլ մեր թղթակցին հայտնել են, որ բոլոր երեք վիրավորների առողջական վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ Արցախի քննչական կոմիտեն հայտնել էր` ադրբեջանցի զինծառայողն Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած տարածքից անցել է Արցախի Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, որտեղից էլ կրակել է արցախցիների վրա։