«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է. երեխաների թունավորման հետքերով
Advertisement 1000 x 90

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է. երեխաների թունավորման հետքերով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10 երեխաների սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում (Երևան):

Արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:

Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:

Ի դեպ «Էլկա» մանկական զարգացման կենտրը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հիշեցնենք, որ կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

armlur.am