2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը»,- գրել է Թադևոսյանը:
ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնում է, որ որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են: