«Մոտավորապես 2 կմ-ի չափով առաջխաղացում ունեն։ Դա Սիսիանի «պալիգոններից» վերև է ընկնում։ Ներքևում Նորավան գյուղն է, հետո՝ Սիսիանը».
Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով բանակցություններն ապարդյուն էին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել չորս մարտական դիրքերից: Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպին։ Ադրբեջանի զինված ուժերը՝ տասնյակ զինծառայողներով մոտեցել են հայ դիրքապահներին, նրանց հեռանալու պահանջ ներկայացրել։ Հայ զինծառայողները կրակ չեն բացել։ Արդյունքում հակառակորդի ուժերին հաջողվել է դուրս մղել հայ զինծառայողներին՝ զբաղեցրած չորս դիրքերից, որոնք գտնվում էին ՀՀ տարածքում։
Մարգարյանն այդ հատվածում մարտական հերթապահություն նախկինում իրականացրել է, ասում է՝ ադրբեջանցիներն անգամ գլուխները չէին բարձրացնում։ 10 րոպեն լրիվ բավարար էր՝ նրանց կոտորելու համար։ Հիմա զարմացած է՝ ինչպե՞ս է ստացվել նրանց առաջխաղացումը։
«Զինված մարդուն իր նման զինված մեկը գալիս ու տշելով հանում է դուրս։ Ով էր պատկերացնում, որ էդ դիրքերը իրենք կմտնեին։ Իրենք եկել են ու ասել՝ «հավաքվեք ու գնացեք այստեղից»։ Թուրքը գալիս էր՝ իմանալով ինչու է գալիս։ Առաջինը եղել է «ատպոռ» մեր զինվորների կողմից։ Վստահ եմ, որ զինվորները զեկուցել են վերադաս հրամանատարությանը, իսկ վերադաս հրամանատարությունը իրենից վերադասին, վերջիններս էլ իրենց վերադասին։ Հրամանը եղել է՝ չկրակել։ Տեղանքը այնպիսինն է, որ չես կարող առաջ գալը չտեսնել, դա ընկնում է Սիսիանի «Պալիգոններից» վերև»։
Պաշտպանական գերատեսչությունը դեռ նախօրեին հաղորդել էր, թե տարածքում փորձել են առաջխաղացում ապահովել, ապա սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Ապա ավելի ուշ՝ սկսվել են բանակցությունները։ Մարգարյանը նշեց, որ ավարտը ցավոտ էր՝ ադրբեջանցիները ևս մեկ հայկական տարածք են վերահսկողության տակ վերցրել, ինչպես նաև հայկական տեխնիկան ու ռազմամթերքը։
«Բանակցություններն ընթացան, թուրքերը եկան, մեր երեք դիրքերը անարգել վերցրեցին, տարան նաև ռազմական տեխնիկան։ Արդյունքն էլ ցույց տվեց, որ թուրքերը մեզ դրել են լակոտի տեղ, մեր տեխնիկան էլ են վերցնում, մեր բենզինն էլ են վերցնում, մեքենաներն էլ, իսկ անձնակազմին էլ տշում լարում են։ Է՞, դա է բանակցությունների արդյունքները»։
Ազատամարտիկը վստահեցնում է՝ ուժին ուժով է պետք պատասխանել ու արձանագրում՝ «ժամանակին բանակ չծառայածին աղջիկ չէին տալիս, իսկ ժողովուրդը բանակ չծառայածներին տվեց երկիրը»։ Նա զարմանում է տեղի հրամանատարական կազմի վրա, թե ինչպես կարող են իրենց սենյակում նստած մնա՝ իմանալով, որ իրենց վստահված պաշտպանական գծում նման միջադեպ է եղել, իսկ իրենք ոչինչ չեն ձեռնարկել։
«Թող սպեցնազ ուղարկեին, թող մեզ՝ կամավորներիս զինեին, ասեին գնացեք հարցերը լուծեք։ 15 րոպե էր պետք։ Փոխհրաձգություն էին ուզում, կստանային։ Չեն ուզում, դրա համար էլ ամեն օր նման բաներ լսելուց չզարմանաք»։
Մարգարյանը հիշեց նաև այն օրերը, երբ դեռ մայիսին ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիները նոր էին ներխուժել։ Կամավորական հայտնի ջոկատներն էին մարտական հերթապահություն իրականացնում։ Այստեղ բարձր մարտական ծառայություն էր ընթանում։
Ադրբեջանցիները գիտեին՝ կամավորը հրամանի չի ենթարկվի, եթե հարձակվեն՝ պատասխան են ստանալու։ Կամավորներին շնորհակալություն հայտնեցին ու հանեցին այդ տարածքից, տեղանքում հետո հերթապահում էին ժամկետային և պայմանագրային զինծառայողներ։
Միջադեպի հետ կապված հիմա որևէ բացատրություններ չկա։ Ասում է, ադրբեջանական կողմը, մասնավորապես մամուլը, ներկայացնում է, թե հայ զինծառայողներին «ծեծել» են, վերջիններս էլ «փախել» են դիրքերից։
«Դա առանց ինչ որ բանի չի լինում։ Ո՞նց կարող է մարդը, բոլորը հենակետերը զենքով ու զինամթերքով ապահոված լինեն ու նման բան լինի։ Երկրի անվտանգության հարցում մեղավոր են բոլորը, որոնք թուրքի բերանը լեզու են դնում։ Հասկանում եմ՝ ամեն ինչ անում են, խուսափելու պատերազմից։ Համաձայն եմ, մենք դեռ պատրաստ չենք, բայց թուրքը զինվորին ծեծելով հանի դիրքի՞ց ու աշխարհին դա ցույց տա, հայի անունը հավասարվում է զրոյի։ Եթե մենք չենք ուզում մեզ պահել, ո՞ր մի երկրի աչքին մենք պետք է լավը լինենք»,- վրդովված ասել է ազատամարտիկը։
Մարգարյանը վստահեցնում է, որ վերին օղակներին տեղյակ չպահելով ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։
Անդրադառնալով տեղեկությանը, որ միջադեպից հետո հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարը ու նշանակվել անփորձ, նախկին ՏԿԵ նախարար ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝Մարգարյանը նշեց, որ նշանակումն անիմաստ ու ձևական է։
«Սուրեն Պապիկյանը ընդհանրապես կապ չունի բանակի ու բանակաշինության հետ։ Ո՞ր մի օղակում է հաջողություններով փայլատակել, որ մի հատ էլ երկրի պաշտպանության հարցերով զբաղվի։ Ի՞նչ է հասկանում։ Եթե պետք է ֆիգուր լինի, իրեն էլի խորհուրդ են տալու գենշտաբի զինվորականները, ինչո՞ւ այդ զինվորականներին չեն դնում»։
Մարգարյանը հավելեց, որ տվյալ զորամասի հրամանատարը, գումարտակի, վաշտի հրամանատարները, և ի վերջո անձնակազմը ծառայում է։ Արդյունքում տուժում է միայն հայ զինվորը, ով վախեցած է, թե նահանջի համար հնարավոր է պատասխանատվության ենթարկվի։
«Բոլորը երդմնախախտներ են։ Սրա արդյունքում ազգը քաղում է այն, ինչին արժանի է։ Հայ զինվորի մարտական ոգին ոչ մի տեղ չի բարձրացվում։ Բանակն ունի անձնակազմի գծով տեղակալ, որը պարտավոր է բարձրացնել զինվորի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը։ Մեր զինվորի հոգեբանական վիճակը հավասար է զրոյի, ֆոտոներ ու ստեր մատուցելով չէ»,- հավելել է ազատամարտիկը։