Factor.am-ի տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ընթացող տեղային մարտերի ընթացքում գերեվարված հայ զինծառայողներից մեկին նրա ծնողները ճանաչել են համացանցում շրջանառվող տեսանյութից։
Ընտանիքը հայտնել է, որ զինվորը ծառայում էր N զորամասում, բայց վերջին օրերին նրան տեղափոխել են Սյունիք։ ՊՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերից մեկի հետ կապը կորել է։
Նշենք, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
Ավելի վաղ armtimes.com-ը հաղորդել էր, որ հայկական կողմից կա 10 զոհ և վիրավորներ, 6 զինվոր գերեվարվել է։ Մեր ունեցած տեղեկությունները պաշտոնական խողովակներից ճշտելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում․ ՊՆ-ն ու ԳՇ-ն մեր զանգերն անպատասխան են թողնում։