Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի բնակիչները լարված գիշեր են անցկացրել։ Անհանգստությունից ամբողջ գիշեր չեն կարողացել քնել։ Չնայած դրան, գյուղում բացված նոր առավոտը խաղաղ է եղել, երեխաները դպրոց են գնացել, մեծերն անցել իրենց առօրյա գործերին։
Այս մասին Sputnik Արմենիայի նկարահանող խմբին պատմեցին վաղ առավոտից գյուղի փոքրիկ խանութ այցելած կանայք։
«Երեկ որ այդքան բանը տեսել ենք, շատ վտանգավոր է մեզ համար։ Կրակոցների ձայնից ոտքերիս տակ դղրդում էր»,– պատմեց Գոհար անունով ներկայացած կինը` հավելելով, որ նախօրեին ապրած սարսափի զգացողությունը դեռ չի վերացել։
Նրա խոսքով` կրակոցները գյուղում լսելի են եղել երեկ ցերեկը շուրջ 6 ժամ` ժամը 14-ից 18։30– ն ընկած ժամանակահատվածում։
«18։30-ից հետո հանգիստ է եղել»,– ասաց նա։
Այդուհանդերձ, չնայած լարված ու վտանգավոր իրավիճակին, Իշխանասարից ոչ ոք չի հեռացել, անգամ երեխաներին չեն տարհանել, չնայած, որ ս.թ. մայիսի 12-ից սկսած ապրում են, իրենց ձևակերպմամբ` թշնամու ուղիղ թիրախում։
«Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ։ Այնտեղից գյուղը պարզ երևում է։ Ընդամենը 5 կմ են վերև մեզանից։ 4 կողմից շրջապատված ենք։ 30 տարի այստեղ ենք, սենց բան չենք տեսել»,– ասաց մեր մյուս զրուցակիցը` տիկին Հայկուհին։
Կանայք նաև հայտնեցին, որ կրակոցներից որոշ ժամանակ առաջ գյուղում նաև ԱԹՍ–ի ձայն են լսել։
«Ղարաբաղից փախան, եկան այստեղ, բա մենք ո՞ւր գնանք։ Իմ աղջիկը Ղարաբաղում էր բնակվում 5 երեխաների հետ։ Եկել է այստեղ։ Մենք գնալու տեղ չունենք։ Սաղ կյանքներս աշխատել ենք, տուն ստեղծել։ Այսքան անասունն ո՞ւր թողնենք– գնանք։ Ո՞ւր փախչենք։ Ո՞ւմ տուն գնանք»,– ասաց նա։
Գյուղի արոտավայրերն ու խոտհարքները դեռ 2021թ–ի մայիսի 12-ին ադրբեջանցիների` ՀՀ տարածք ներխուժման հետևանքով մնացել են հակառակորդի վերահսկողության տակ։ Կանայք պատմում են, որ այս տարի նույնիսկ բանջար հավաքելու չեն գնացել։
«Ռուսական զորքը թույլ չի տվել, ասում են` 5 կմ է թուրքը հեռու ձեզանից»,– ասում է տիկին Հայկուհին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am