Նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ժամանակն է պատշաճ հետաքննելու գերեվարման յուրաքանչյուր դեպք։ Նա խոսեց զինվորական կանոնագրքի մասին, թե երբ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։
«Ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք։ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե թե մենք սխալ ենք վարվել՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք ա քննել՝ ինչ ա նշանակում գերի ընկնել, ինչ հանագմանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են՝ որ դեպքում ա, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննել՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե՝ այդ դեպքի հետ գործ չուենք։ Օրինակ ակնհայտ է և ձևակերպված՝ երբ մարդը վիրավոր է կամ անգիտակից, նրան ոչ մի «պրիտենզիա» չի կարող լինել»,- ի պատասխան Տիգրան Աբրահամյանի հարցի՝ ասաց Փաշինյանը։
Այս հայտարարությանը հաջորդեց հանրային դիսկուրսը հարցի վերաբերյալ։ Ոմանք շտապեցին հայտարարել, որ «գերին հերոս չէ, գերին դավաճան է»: ԱԺ փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը անուղղակի ակնարկեց, որ գերի չընկնելը արժանապատիվ հայ զինվորականի քայլ է և այլն։
Media.am-ը, բաց թողնելով խնդրի էմոցիոնալ կողմը, ներկայացնում է, թե ինչ իրավական հիմքեր են ամրագրված նման իրավիճակների համար, երբ է գերի ընկնելը հանցագործություն, երբ՝ ոչ, և ինչ պարտավորություններ ունի պետությունը ռազմագերիների առաջ։
ԶՈՒ կանոնագիրք
ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, սահմանում է զինծառայողների իրավունքներն ու պարտաականությունները։ Կանոնագրքում նշված է, որ զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է ինչպես մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն կատարելը, այդպես էլ գերության մեջ, պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը՝ բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը։
20-րդ հոդվածը սահմանում է, որ «մարտական գործողությունների ընթացքում, նույնիսկ իր զորամասից կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս, զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը»: Եթե զինծառայողը, հայտնվելով իր զորքերից կտրված վիճակում և սպառելով դիմադրության բոլոր միջոցներն կամ ծանր վիրավորվածության հետևանքով գերի վերցվի, պարտավոր է փնտրել և օգտագործել ամեն մի հնարավորություն իրեն և իր ընկերներին գերությունից ազատելու, իր զորքեր վերադառնալու համար:
Կանոնագիրքը սահմանում է նաև, որ գերի վերցված զինծառայողը հարցաքննության ժամանակ իրավունք ունի հայտնելու միայն իր ազգանունը, անունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան թիվը և անձնական համարը: Նա պարտավոր է օգնել գերված ընկերներին, նրանց ետ պահել թշնամուն օժանդակելուց, մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնելու ուղղությամբ զինծառայողին օգտագործելու թշնամու փորձերը:
Ամբողջությամբ՝ media.am