Նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակվեցին սյունիքյան դիրքերի վրա։ Ներթափանցումն ուղեկցվեց զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ։ Բախումներն ավարտվեցին մոտավորապես 18:30–ին ռուսական կողմի միջնորդությամբ։
Մարտերի մի մասն ընթանում էր Իշխանասար գյուղից դեպի հյուսիս, Մեծ Իշխանասար (Սև Լճի մերձակայքում) և Ծիծեռնաքար լեռների արանքում ընկած հատվածում։ Նույն օրը ՀՀ ՊՆ–ն այդ շրջանում ադրբեջանական տեխնիկայի ոչնչացման կադրեր հրապարակեց։
Razm.info կայքն այդ տարածքը տեղորոշեց քարտեզի վրա։
Մարտական գործողությունների հատվածն ավելի լավ պատկերացնելու համար ձեզ ենք ներկայացնում մեկ այլ քարտեզ, որը թույլ է տալիս ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ տեղանքի մասին է խոսքը։
Քարտեզը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ԶՈւ–ն փորձում է առավելագույնս մոտենալ Երևան–Գորիս մայրուղուն (նշված է դեղինով)։
Ադրբեջանական զինուժի առաջխաղացման գոտին
Այդ հատվածում ադրբեջանական զինվորականների դիրքերին ամենամոտը Իշխանասար գյուղն է։
Հրապարակում ենք Իշխանասարի բարձունքներից մեկի լուսանկարը, որտեղ տեղակայված են ադրբեջանցի զինվորականները։ Այնտեղից նրանք անզեն աչքով կարող են հետևել գյուղին։
Իշխանասար լեռան գագաթներից մեկ
Լուսանկարում երևում է, որ նրանք ճանապարհ են հարթել դեպի լեռան ստորոտ, որտեղից ուղիղ ճանապարհով մինչև Իշխանասար գյուղ մոտ 10 կմ է։ Միևնույն ժամանակ մեզ հայտնի չէ, թե որքան են նրանք գյուղին մոտեցել ստորոտի կողմից։
Հաշվի առնելով այս իրավիճակը` գյուղում խիստ կարևորվել է անվտանգության խնդիրը։ Ադրբեջանական ԶՈւ առաջխաղացման հետևանքով (մայիսի 12-ից) գյուղի բնակիչները կորցրել են իրենց արոտավայրերն ու ստիպված սկսել են վաճառել իրենց անասունները։
Իշխանասար գյուղի մասին ընթերցեք այստեղ։