Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարաված հայ զինծառայողների թիվը ՊՆ հաղորդմամբ 13-ն է, զոհերի թիվը՝ 6, անհետ կորածներինը՝ 24։ Պաշտպնության նախարարությունը գերեվարված զինծառայողներից որևէ մեկի տվյալներ մինչ այս պահը չի հրապարակում։ Հարազատները ադրբեջանական կայքերից են տեղեկացել, որ իրենց որդիներն ու ամուսինները գերու կարգավիճակում են։
Զինծառայող Սարգիս Թարզյանի կինը՝ Լիլիթ Զաքարյանը, պատմում է, որ ամուսնու գերության մասին իմացավ, երբ սոցկայքերում տեսավ գերեվարաված զինծառայողների լուսանկարը՝ վիրավոր, շարքով նստած։ «Նոյեմբերի 16-ին՝ ժամը մեկի կողմերը, համացանցից տեղեկացա, որ պատերազմական վիճակ է, ճակատամարտ է ընթանում հենց այնտեղ՝ Իշխանասարի հատվածում, որտեղ ամուսինս Է։ Արդեն ժամը 3-ն անց կես ամուսնուս նկարը տեսնում եմ ողջ համացանցով, անմիջապես ճանաչեցի, մեջտեղի նստածն ինքն է, դե, պատկերացրեք իմ վիճակը։ Դրանից հետո ադրբեջանական կայքերում տեսանյութ եմ գտնում, որտեղ կանգնացրել են տղաներին, նրանց հետ եւ իմ ամուսնուն, ու նվաստացնում են »,- hraparak.am-ին պատմում է զինծաայողի կինը։
Լիլիթի խոսքերով՝ ականջին հասել էր, որ ամուսինը շրջափակման մեջ է հայտնվել դեռ օրեր առաջ՝ նոյեմբերի 14-ին։ «Եթե հիշում եք, ամսի 14-ին էլ տեղեկություն տարածվեց, որ թշնամին Սիսիանի թևում 1-2 կմ ներխուժել է ՀՀ տարածք, եւ ռուսների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, ամուսինս ամսի 7-ից էդ դիրքերում էր։ Այդ օրերին կապը իր հետ կար, հետը խոսում էի, շատ կարճ էր կապում, վերջին անգամ ասաց՝ հեռախոսիս մարտկոցը վերջանում է։ Ինձ ոչինչ չէր ասում, թե ինչ վիճակում են։ Հետո իմացա, որ սոված-ծարավ, մոտ երկու օր շրջափակման մեջ են եղել»։
Լիլիթը պատմում է, որ իր տեղեկություններով ռուսական կողմը շրջափակման մեջ հայտնված տղաներին ասել է՝ թե տղամարդ եք՝ դիմացեք, նրանք այդպես էլ շրջափակումից դուրս չեն եկել։
Լիլիթ Զաքարյանին հատկապես բարկացնում է այս օրերին պետության անտարբերությունը․
«Զանգել եմ ՊՆ, հարցնում եմ՝ որևէ տեղեկություն ունեք, ինձ հեգնանքով պատասխանում են՝ հետաքրքիր հարց ես տալիս։ Ում հնարավոր է՝ փորձում եմ դիմել, էս օրերին հակասական տեղեկություններ են տարածվում, զինվորներ կային, ասացին գերի են, հետո դիակը բերեցին, մտավախություն ունեմ, սարսափում եմ, որ այնտեղ գտնվող գերիներին կարող են սպանել ։ Կարմիր խաչին, բոլոր մարդասիրական կազմակերպություններին եմ դիմում խնդրանքով՝օգնել որևէ կերպ կապ հաստատել ամուսնուս հետ, եւ քայլեր ձեռնարկենք նրանց հետ վերադարձնելու»,-հուսահատ խնդրում է զինծառայողի կինը ։ Ի դեպ, Սարգիս Թարզյանը երկու անչափահաս երեխայի հայր է։