Համացանցում լայնորեն տարածվում են ֆլամինգոների լուսանկարներ՝ պնդմամբ, որ դրանք արված են Հայաստանում: «Արմենպրես»-ը զրուցել է թռչնաբան, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Bird links Հայաստան» ՀԿ տնօրեն Կարեն Աղաբաբյանի հետ:
«Ֆլամինգոները, չեմ ասի, որ ամեն տարի, բայց բավականին հաճախ չուի ժամանակ անցնում են Հայաստանի տարածքով: Նրանք բնադրում են Կասպից ծովի ափերին, ձմեռում են Արաբական թերակղզում կամ Հյուսիսային Աֆրիկայում: Այդ ընթացքում գարնանային չուի ժամանակ դեպի հյուսիս կամ աշնանային չուի ժամանակ դեպի հարավ, անցնում են Հայաստանի տարածքով և բավականին հաճախ կանգ են առնում մեր լճերում, ճահճուտներում»,-ասաց Աղաբաբյանը:
Թռչնաբանը հստակ չի կարող ասել՝ տարածված լուսանկարները այս տարվա են, թե ոչ, սակայն, իրատեսական է համարում, որ կարող են լինել և այս տարվա: Տարածված լուսանկարներից մեկի առնչությամբ նա վստահաբար նշում է՝ արված է Արմաշի լճերում, դատելով հետևի ֆոնի կանաչ եղեգնուտներից՝ թռչնաբանը եզրակացնում է, որ դա արված է գարնանը կամ լավագույն դեպքում՝ աշնան սկզբին՝ սեպտեմբերին: Բացի այդ Աղաբաբյանը լուսանկարում նկատում է բացառապես հասուն թռչուններ, ինչից ևս եզրակացնում է, որ լուսանկարն արված է գարնանը, քանի որ աշնանը սովորաբար լինում են նաև զգալի չափով երիտասարդ թռչուններ:
Ֆլամինգոները Հայաստանում բավականին հաճախ հանդիպում են Արարատյան դաշտում, թռչնաբանի խոսքով, եղել են դեպքեր նաև, որ նրանց հանդիպել են Սևանա լճի ավազանում: Արարատյան դաշտում ֆլամինգոները հանդիպում են ավելի հաճախ, բայց Սևանա լճում էլ բացառված չէ նրանց հանդիպելը:
Հայաստանում կանգ առնելիս ֆլամինգոները կարող են մոտ 4-5 օր մնալ, հանգստանալ, սնվել, հետո նորից շարունակել: Նոյեմբերի կեսը ֆլամինգոների աշնանային չուի լավ ժամանակն է: Աշնանային չուի ընթացքում ֆլամինգոները Հայաստանի տարածքով կարող են անցնել սեպտեմբերից սկսած մինչև նոյեմբերի երկրորդ կես, իսկ գարնանը՝ մայիսի երկրորդ կեսին և հունիսի սկզբին:
Հայաստանի տարածքով սեզոնի ընթացքում սովորաբար անցնում է 10-40 ֆլամինգո: Հայաստանի տարածքով անցած ֆլամինգոների ամենամեծ թվաքանակը, թռչնաբանի խոսքով, եղել է 80 հատ: «Սեզոնի ընթացքում մենք տեսել ենք, որ 80 թռչուն իջել է Հայաստանում հանգստանալու: Դա եղել է 2008-ին»,-ասաց նա:
«Սկզբունքորեն իրատեսական է, որ հիմա ֆլամինգոները հայտնվեին Հայաստանում»,-ասաց Աղաբաբյանը:
Ֆլամինգոները գրանցված են միջազգային կարմիր գրքում:
Լուսանկարն արվել է 2012 թ. հուլիս ամսին, Սևանա լճի «Ճայերի կղզի»-ում: Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի