
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից: Չնայած սրան՝ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երեւանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը՝ Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը: «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է»,- ասաց զինծառայողի տատիկը: