Պարեկները հետապնդել եւ բռնել են քաղաքում «ճռռիկներ» անող վարորդներին. նրանցից մեկը «Ճվճվ Արոյի» արդեն հայտնի որդին է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարեկները հետապնդել եւ բռնել են քաղաքում «ճռռիկներ» անող վարորդներին. նրանցից մեկը «Ճվճվ Արոյի» արդեն հայտնի որդին է

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750Li  մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ  չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով:

Նույն պահին Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով  սկսվել է հատուկ օպերացիա՝ նրանց հայտնաբերելու համար: Օպերացիան կրել է «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումը: Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Արմեն Գասպարյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովաննես Մանուկյանի գլխավորությամբ պարզել են,  թե որ ուղղություններով են նշված անձինք «զվռնում» և սկսվել է մի իսկական կինո:

Հետապնդումը տևել է գրեթե  3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները  նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում:

Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ  է մտել «Բալի» -ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ  համարներից մեկի հեռակառավարմամբ  գործող  մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի»  ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է  3-րդ հյուրասենյակ, իսկ նրա  հետ եղած  անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են  2-րդ հարկի հյուրասենյակ:

Նրանց  թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել: Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝  28-ամյա Սերժ Վարդանյանը,  24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը:

Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն: Վերջինս, ըստ տեղեկությունների,  վարել է Ս. Վարդանյանը, ով  «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: Ըստ տեղեկությունների՝  նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com