Ազգությամբ եզդի, 19-ամյա Սուրեն Սաֆարյանը բազմազավակ ընտանիքի փոքր որդին էր. զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր սովորել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ազգությամբ եզդի, 19-ամյա Սուրեն Սաֆարյանը բազմազավակ ընտանիքի փոքր որդին էր. զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր սովորել. pastinfo.am

Նախօրեին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Նորաբակ գյուղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Սուրեն Սաֆարյանը։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր, ազգությամբ եզդի։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալ։

Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սուրենը բանակ էր զորակոչվել նախորդ տարի։ Լրանում էր ծառայության մեկ տարին:

«Ցավալի լուրն ամբողջ հանրապետությանն է վերաբերում։ Սուրենը ոչ թե իր կամ ալագյազցիների համար է զոհվել, այլ պետության համար։ Մեր խոնարհումն ենք բերում Սուրենի նման մեծության առաջ»։

Սուրենը բազմազավակ ընտանիքի փոքր զավակն էր։ Ծնողները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որ զավակների համար բարեկեցիկ կյանք ապահովեն։

«Սուրենի երկու քույրերն ամուսնացած են, իրենց մեծ ուներ ևս երեք եղբայր։ Սուրենը տան կրտսեր տղան էր, որը ծառայության մեջ էր։ Նրանից առաջ երկու եղբայրները ևս ծառայել են, մեկը նաև մասնակցել է 44-օրյա պատերազմին։ 2002 թվականի ծնունդ էր Սուրենը։ Հանգիստ, շրջապատում ընդունված, նպատակներ շատ ուներ։ Ծնողներն էլ հանգիստ, խելոք  մարդիկ են, գյուղացիներ են էլի, մշակով էին զբաղվում, իրենց ընտանիքի հոգսերը լուծում»,- ասաց համայնքապետը։

Սուրենը պատրաստվում էր ծառայությունից հետո շարունակել ուսումը, բայց կարծես մասնագիտության հարցում վերջնական որոշում դեռ չէր կայացրել, մեկ տարի դեռ ուներ՝ որոշում կայացնելու համար։

«Ուսման մասին մտածում էր ծառայությունից հետո։ Դա ընտանիքի նպատակներից մեկն էր, բայց հայրենիքի համար ծառայելն առաջնահերթ ու պարտադիր պայմաններից էր»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

pastinfo.am