shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում տեղազննություն էին կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, ճանապարհային ոստիկանները պարզել են, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: