Ինչո՞ւ են «գաղտնագրել» ԱԳ նախարարի՝ Փարիզ գործուղման ծախսերը. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են «գաղտնագրել» ԱԳ նախարարի՝ Փարիզ գործուղման ծախսերը. yerkir.am

Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկել էր Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի էր ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:

Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Միրզոյանի հետ նույն ինքնաթիռում են եղել նաև նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, խորհրդական Դավիթ Կարապետյանը՝ կնոջ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ:

Գրավոր հարցմամբ փորձել էինք պարզել՝ քանի՞ անձից է կազմված եղել ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը, որքա՞ն է վճարվել պետական բյուջեից՝ յուրաքանչյուր անձի (ներառյալ նախարարը) գործուղման ծախսերի համար: Արտգործնախարարի կինը, նրա խորհրդական Դավիթ Կարապետյանը, վերջինիս կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք ևս նախարարի հետ մեկնել են Փարիզ, ներառված էին պատվիրակության կազմո՞ւմ, եթե՝ այո, ապա ի՞նչ կարևոր առաքելություն ունեին նրանք Փարիզում, որքա՞ն են կազմել նրանց  գործուղման ծախսերը (խնդրել էինք ներկայացնել բացվածքով, եթե դրանք հատկացվել են պետական բյուջեից):

ԱԳՆ-ի գրավոր պատասխանում նշված է, որ արտգործնախարարի պատվիրակության կազմում են եղել ոչ միայն խորհրդական Դավիթ Կարապետյանը, այլև նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, նախարարի մեկ այլ խորհրդական Վահան Կոստանյանը, մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, նախարարի արարողակարգի պատասխանատու Հայկ Հարությունյանը և օպերատոր Կարեն Գրիգորյանը:

Ինչպես տեսնում եք՝ նախարարը Փարիզ է մեկնել մի ամբողջ «բանակային կորպուսով», միայն հայտնի չէ, թե այդ ինչ պետականաշահ գործունեություն են ծավալել այդ անձինք, կամ արդյո՞ք Արցախը հանձնած ու ՀՀ-ն ճգնաժամի շեմին կանգնեցրած իշխանության արտգործնախարարի՝ ընդամենը մի միջոցառման մասնակցելու համար կարիք կար այդքան «պոչեր» կցելու պատվիրակությանը:

Բայց սա դեռ ամենը չէ. մեր պրակտիկայում առաջին անգամ հանդիպեցինք նաև մեկ ուրիշ իրողության. պարզվում է՝ Արարատ Միրզոյանի «կորպուսի»՝ Փարիզ գործուղման ծախսերի մասին տեղեկատվությունը գաղտնի է, և այն չի կարող տրամադրվել, քանի որ, ուշադրություն, նախարարության համակարգի՝ գաղտնագրման ենթակա տեղեկություն է…

Եվ չնայած գրավոր պատասխանի մեջ նշված է, որ ԱԳ նախարարի և նրա խորհրդականի կանայք չեն եղել պատվիրակության կազմում, և պետական բյուջեից նրանց մասով հատկացում չի եղել, այդուհանդերձ, գործուղման ծախսերի հույժ «գաղտնագրումը» մեզ լիարժեք հիմք է տալիս ենթադրելու, որ «կորպուսի մարտիկներն» իրենց կանանց ոչ թե տարել են սեփական միջոցների հաշվին, այլ նրանց ևս մտցրել են պատվիրակության կազմի մեջ և պետական բյուջեի հաշվին Փարիզում մի քանի օր կերել-խմել:

Հավելենք նաև, որ, Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն, ԱԳ նախարարի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին՝ նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:

Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, և որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի, պատվիրակությունից կապ են հաստատել Երևանի հետ, ու նախարարության աշխատակազմին  հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել և «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:

Վ. Սարգսյան 

yerkir.am



Նման նյութեր