7-10 միլիոն դոլարանոց Pegasus ծրագրով ստացված տեղեկությունը չի հանրայնացվում, հետապնդելու համար է. Արթուր Վանեցյան
Advertisement 1000 x 90

7-10 միլիոն դոլարանոց Pegasus ծրագրով ստացված տեղեկությունը չի հանրայնացվում, հետապնդելու համար է. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Apple ընկերությունից նամակ է ստացել, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Վանեցյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ դեռևս սեպտեմբերին էր պարզել՝ իր բջջայինում գործել է գաղտնալսող այդ ծրագիրը։

«Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին միջազգային որակավարում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներն իրականացրել են իմ հեռախոսի զննում, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից, չուզեցի այդ մասին բարձրաձայնել, երեկ, երբ ստացա նամակը, որոշեցի բարձրաձայնել այդ մասին և հանրայնացնել տեղեկությունները, որ մեզ հասու էր դեռ սեպտեմբերին»։

Վանեցյանն ասում է՝ Pegasus-ը վնասակար է և անթույլատրելի. գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, դատարանի որոշման հիման վրա, պետությունը իրավունք ունի գաղտնալսել անձին։

Նա նաև տեղեկացրել է՝  Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ NSO Group ընկերությունը այդ ծրագիրը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները, այլ ընկերությունը որոշակի գումարի դիմաց՝ 7 միլիոնից 10 միլիոնի շրջանակներում բաժանորդագրվում են ծրագրին։

«Պատվիրատուն ասում է՝ խնդրում ենք մեր երկրում հսկողության տակ վերցրեք այս անձանց և հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտելու նրանց մուտքը բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացած հեռախոս»։

Վանեցյանը նշել է նաև, որ տվյալները ստացվում և պահպանվում են ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններում, այլ ընկերության կենտրոնական գրասենյակ, որից հետո դա տրամադրվում է պատվիրատուին։ NSO Group ընկերությունը հայտարարել էր, որ համագործակցում են պետությունների հետ՝ թույլատրություն ստանալով մուտք գործել երկրի բջջային օպերատորների համակարգ։

Ծրագրի շնորհիվ հեռավար հնարավոր է հասանելիություն ստանալ անձի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատիրոջ իմացության։



Նման նյութեր