Արյուն ջրիկացնողների կիրառում
Քովիդով պայմանավորված օրգանիզմում մինչ օրս բժշկության կողմից բացահայտված և չբացահայտված մի շարք փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխություններից մեկն էլ արյան խտացման հետ է կապվում:
Պայմանավորված այդ խտացմամբ բնակչության շրջանում հաճախ կարող ենք լսել այն մասին, որ արյուն ջրիկացնող դեղորայք են օգտագործում՝ առանց բժշկի ցուցման:
Հասկանալու համար արդյոք կարելի է առանց բժշկի ցուցման և առանց նախապես հետազոտությունների օգտագործել նման դեղորայք՝ Zarkerak.am-ը զրուցել է ԵՊԲՀ «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն»-ի դասախոս, սրտաբանության ամբիոնի հայցորդ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի թերապիայի բաժանմունքի սրտաբան Անի Ռափյանի հետ:
Սրտաբանը շեշտում է՝ նման դեղորայքի կիրառությունն առանց բժշկի ցուցման կարող է առաջացնել որոշակի բարդություններ:
«Ամենատարածված բադություններից է ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդությունը: Եթե այս դեղորայքն օգտագործող պացիենտը նման որևէ խնդիր ունենա՝ ասպիրինային շարքի պրեպարատների անվերահսկելի, չդոզավորված, չվերահսկվող օգտագործումը կարող է բերել արյունահոսության ռիսկի և բավական լուրջ խնդիրների այդ առումով»:
Այն որ և՛ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ, և՛ պատվաստման ժամանակ տրոմբների առաջացման, տրոմբոտիկ խնդիրների առաջացման որոշակի ռիսկ կա՝ չի հերքում բժիշկը, սակայն նշում է՝ որ բուն վիրուսով պայմանավորված այդ ռիսկերն ավելի մեծ են: Հենց այդ ռիսկերի նվազեցման համար էլ, երբեմն, բժշկի կողմից ցուցվում է ասպիրինային շարքի արյուն ջրիկացնողների կիրառումը:
«Պետք է դիտարկել, թե ինչքանո՞վ է առկա տրոմբոէմբոլիկ բարդությունների և արյունահոսության բարդությունների ռիսկը, այնուհետև հասկանալ՝ ինչքանով է ցուցված տվյալ դեղորայքը»,- ասում է Անի Ռափյանը:
Ինքնաբուժման և կամ հարևանաբուժման հնարավոր ռիսկերը
«Ես հասկանում եմ, որ բժշկական ռեսուրսներն այս պահին ծանրաբեռնված են և, երբեմն, դժվար է պացիենտի համար, թեկուզ տեղամասային բժշկի հետ կապ հաստատելը՝ կորոնավիրուսային ծանրաբեռնվածության պատճառով: Ինքնաբուժումները կամ հարևանի սխեմայով բուժումներ իրականացնելն իսկապես շատ վտանգավոր են և բավական լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- հայտնում է սրտաբանը և ցավով նշում, որ անհիմն անտիբիոտիկաթերապիաները շատացել են: Նա հորդորում է զերծ մնալ դրանց կիրառությունից, քանի որ տվյալ դեպքում դրանք ընդհանրապես ցուցված չեն: Ավելին, անհիմն կիրառությունները հետագայում կարող են հանգեցնել անտիբիոտիկների նկատմամբ կայունության բարձրացման:
«Աստված չանի, եթե հետագայում տվյալ պացիենտը կարիք ունենա այլ, լուրջ խնդրով պայմանավորված անտիբիոտիկների կիրառման, այլևս օրգանիզմն ընկալունակ չի լինի»:
Մասնագետը նշում է, որ սա կարևորագույն խնդիր է, որը միայն մեր հասարակությունում չէ տարածված: Սակայն Ռափյանը հարկ է համարում առանձնացնել մեր հասարակությանը, քանի որ մեզանում սիրում են տարբեր մարդկանց խորհուրդներով բուժումը կազմակերպել: