44-օրյա պատերազմի օրերին որդեկորույս Արտակ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարարությանն էր նվիրել իր ավտոմեքենան։ Սակայն, պարզվում է՝ օրեր առաջ այդ մեքենայով ՊՆ ծառայող է ավտովթարի ենթարկվել։ Համացանցում տարածված տեղեկություններով՝ ավտոմեքենան ծառայել է սպաներից մեկի անձնական օգտագործմանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատերազմին զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, չհերքեց տեղեկությունը, որ վթարի ենթարկվածն իր ավտոմեքենան է․ «Նկարներին նայելով եմ հասկացել, որ դա իմ ավտոմեքենան է։ Ես գիտեի, որ այն ՊՆ–ինն է, այլ բաներից տեղյակ չեմ։ Ես չեմ էլ պատրաստվել հետ վերցնել ավտոմեքենան, որ իրենք փորձեին կամ չփորձեին վերադարձնել»,- ասաց նա՝ մաղթելով լինել անփորձանք։
Նշենք, որ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում վթարի էր ենթարկվել։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորների ինքնությունը պարզվում էր։
Հիշեցնենք, որ հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ ահա նրա հայրը՝ որդու մահից ընդամենը օրեր անց՝ հոկտեմբերի 27-ին իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել էր Հայոց բանակին։
Ամբողջությամբ՝ lurer.com