Ներկրվող հավի մսի անորակ լինելու, հորմոններ պարունակելու հետ կապված մտահոգությունները միշտ եղել են և շարունակվում են: Ասել է թե՝ որակի վերահսկողության հարցը դեռևս մնում է օդում կախված:
Թռչնաբույծների միությունը միայն 2020 թվականին լաբորատորիայում ստուգել է օրինակներ՝ Ուկրաինայից ներմուծված թռչնամսի երեք խմբաքանակից։ 1500 միավոր արտադրանքում մի շարք բակտերիաների Սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի բարձր թիվ է հայտնաբերվել։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը շեշտում է՝ պետությունը պետք է հետևի, որպեսզի այդպիսի արտադրանք ներկրողներն ունենան ապրանքի բոլոր սանիտարական և անհրաժեշտ այլ փաստաթղթերը:
«Տեղական և ներկրված հավի մսի միջև զգալի տարբերություն կա: Սակայն հունվարից բոլոր երրորդ երկրներից ներկրելու դեպքում նայելու են թռչնի մսում պարունակվող 4 տոկոս ջրի քանակը, որովհետև 18 տոկոսի էր հասնում, իսկ դա նշանակում է, որ եթե սառեցրած ջուր կա մեջը, ապա հնարավոր է՝ նաև լինեն բոլոր բակտերիաները, միկրոբային վարակները, այդ թվում՝ նաև սալմոնելլա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ տեղական հավերն էլ են այդպիսին, որովհետև կերը դրսից է ներկրվում, և այլն, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պատասխանեց.
«Բացառված է: Միայն մի հանգամանքը բավարար է՝ ներկրվող թռչնամիսը մաքսազերծվում է 475 դրամով: Արդեն գինը որակի մասին է խոսում: Էժանագին միսը բերում են Ուկրաինայից, Վրաստանից: Օրինակ, ուկրաինացիները մեղք չունեն, մեր ներկրողներն են գնում չվաճառված միսն էժան գնով վերցնում, բերում»:
Նշենք, որ Հայաստանն արտադրում է հավի մսի ներքին սպառման մոտ մեկ երրորդը, մնացածը ներմուծվում է արտասահմանից, հիմնականում` Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ռուսաստանից։
Անի Կարապետյան