«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և կայացրել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։
Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։
Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։
Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։
Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։
Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»։