«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չնայած այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանցի զինվորականները շարունակում են խոչընդոտել հայ ուխտավորների այցը Դադիվանքի վանական համալիր:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ ոչ մեկի մոտ չի կարող կասկած հարուցել այն իրողությունը, որ Դադիվանք տանող ճանապարհը գոցված է մնում Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության հետեւանքով, հենց երկրի նախագահի անմիջական ցուցումով՝ վանական համալիրը փորձելով դարձնել իշխանություններից դժգոհ «կրոնական փոքրամասնությունների մենաշնորհը»: Թեմի առաջնորդը, սակայն, վստահ է, որ բոլոր ուժերն անզոր են Աստծո առաջ եւ գործած հանցագործությունների ու մեղքերի համար մի օր անպայման պատժվելու են:
«Ենթադրվում էր, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո վանականները հնարավորություն կունենան անարգել իրականացնել իրենց առաքելությունը եւ Աստծո տանը հյուրընկալել ուխտավորներին: Բայց հարեւան երկրի հոգեւոր առաջնորդը դրժեց իր խոստումը, եւ առ այսօր Բաքվից դրական արձագանք չկա: Հավանաբար, երկրի առաջնորդի օրինակով նա եւս այդ գործելաոճով է փորձում «խաղաղություն եւ կայունություն» ստեղծել տարածաշրջանում եւ «բարիդրացիական հարաբերություն» հաստատել հայերի ու մյուս ազգերի հետ»․․․
Որքան էլ որ զավեշտական լինի, հիմա էլ որպես ուխտագնացության հիմնական խոչընդոտ ադրբեջանցի զինվորները համարում են «տարածքում հայտնաբերված սողանքները», որ կարող են «վտանգել մարդկանց կյանքը»: Սրտաճմլիկ նկարագրություն է չէ՞: Տեսեք, հակառակորդը որքան է մտահոգված հայ ուխտագնացների ճակատագրով, որ, անվտանգության պահանջներից ելնելով՝ ստիպված է համապատասխան միջոցներ ձեռնարկել․․․»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։