Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 05:35-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ»,–գրում է կայքը:
Կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի՝ հատակին բերանքսիվայր ընկած:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:
«Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ»,–ասել են բնակիչները:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: