«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հանձնուքներից մեկում կարկանդակների մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմանում, ՔԿՀ–ի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ -ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը։ Պարզվել է կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։
Զննության արդյունքում փաթեթներում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։