Հովհաննես Գալստյանին 168.am-ը մշտապես ներկայացնում է որպես կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, Մարինեին Զաքարյան՝ կինոռեժիսոր, սցենարիստ: Այսօր առիթն այլ է: Այսօր Հովհաննեսը և Մարինեն «Ժամանակակից սեր» շարքի մեր հերոսներն են: Ամուսիններն արդեն 29 տարի է՝ միասին են, և միասին էլ պատմում են, թե ինչպես է սկսվել պատմությունը նրանց սիրո:
Ես չկամ,
Ես քո զույգ աչքերում շագանակ
Ու անգամ թե աչքերդ փակես, ես կորած
Ուր մնաց հեռանաս։
Մարինեին, 1992թ․
Հովհաննես. Մարինեին առաջին անգամ տեսել եմ Մանկավարժական ինստիտուտի շենք մտնելիս։ Շատ տպավորիչ աղջիկ էր, թեթև ալիքաձև սև մազերով, մեծ աչքերով, վառ կարմիր շրթներկով։ Այն աղջիկներից, որ սուր ունեն հայացքում։ Ես նոր էի վերադարձել Երևան Բելառուսից, բանակը ինձ սովորեցրել էր մենակ կյանքի, բանակն ընդհանրապես շատ բան էր սովորեցրել, այդ թվում կանանց գնահատելու, ճանաչելու, սիրելու մասով։ Մարինեն երկու կուրս բարձր էր ինձնից, բայց մենք նույն տարիքի էինք։ Ես խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի կուրսում էի, Մարինեն՝ թատերական, բայց ես ցանկություն չունեի մնալ Երևանում, որովհետև երկու տարի բանակում պատրաստվել էի Մոսկվայի կինոինստիտուտի համար։ Ինձ Երևանում պահեց Մարինեն։
Մարինե. Հովիկն այս մասին որ խոսում է, ես չեմ կարողանում ազատվել մեղքի զգացողությունից, մտածում եմ՝ ճիշտ կլիներ, որ դրսերում հնարավորություն կունենար շատ ավելի լավ կինոկրթություն ստանալ, որ սխալ էր Հովիկին այստեղ պահելը։ Բայց ես հատուկ ինչ-որ բան չեմ արել, այդպես ստացվեց, որովհետև ի վերջո, հետո էլ կարելի էր գնալ դուրս՝ կրթություն ստանալու կամ մասնագիտությամբ աշխատելու։ Ուղղակի չենք մտածել այդ ուղղությամբ։ Մի տեսակ լրիվություն եկավ իրար հավանելուց հետո։
Հովհաննես. Առաջին հպումը եղել է Տերյան փողոցում՝ հին Հայֆիլմի աստիճանների վրա։ Մարինեն, Լիլիթը, իմ ընկեր Կարեն Թանթուշյանն ու ես քայլում էինք Երևանի փողոցներով, խոսում էինք արվեստից։ Արևոտ գարնանային օր էր, ոտքով անցել էինք Երևանի կեսը, հոգնել էինք քայլելուց, նստեցինք Հայֆիլմի աստիճանների վրա։ Ավելի ճիշտ նստեցին երեքը, իսկ ես պառկեցի ու գլուխս դրեցի Մարինեի ծնկերին։ Մարինեն շատ ինքնուրույն մարդ է, անհավանական ուժեղ միջուկով կին։ Հետագայում ես այդ պողպատյա միջուկը տեսել եմ Մարինեի մոր՝ տիկին Ամալյայի մոտ։ Ես հասկանում էի, որ պողպատյա միջուկով այս աղջիկը կամ նրբանկատորեն կհրի իմ գլուխը իր ծնկից, կամ կդառնա իմ կինը։
Մարինե. Իմ այն տարիների ամենամոտ ընկերուհին՝ լուսահոգի Լիլիթը, մինչև իմ ու Հովիկի ծանոթանալը, շփվում էր Հովիկի հետ ու իր կարծիքը Հովիկի մասին ինձ շատ դուր եկավ, ասաց՝ լսի, շատ ուժեղ տիպ ա ինքը, շատ հետաքրքիր։ Այսինքն՝ առաջին հանդիպումից առաջ ես դրական նախատրամադրվածություն արդեն ունեի, ու հիշում եմ, որ երբ Հովիկը գլուխը ծնկներիս դրեց, անսպասելությունից մի պահ շունչս պահեցի, բայց ետ չհրեցի, դա՝ հաստատ։
Հովհաննես. Երկրորդ կուրսն ավարտելիս ես ստացա կուրսային ֆիլմ անելու հնարավորություն ու նկարեցի Մարինեին։ Մենք արդեն բավական մոտ էինք։ Ֆիլմից հետո ծնողներիս ասեցի, որ ամուսնանում եմ։ Հայրիկս ասեց՝ «դու ահագին կուրախացնես մարդկանց, եթե ամեն ֆիլմից հետո ամուսնանաս դերասանուհու հետ»։ Մարինեն քող չգցեց, ես չասեցի՝ տեր եմ: 1993թ. դեկտեմբերի 25-ն էր։ Ցուրտ էր: Պատերազմ էր: Նստեցինք երթուղային տաքսի ու գնացինք մեր տուն։
Մարինե. Մեր բարեկամներից շատերի համար շոկ էր այդ ծանր պայմաններում մեր ամուսնանալու որոշումը։ Հովիկի քրոջ ամուսինը մեզ շնորհավորեց «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմից մեջբերումով, ասաց՝ էրեխեք, սա սխրանք չի, բայց ինչ-որ հերոսական բան ձեր արածի մեջ կա՛։
Հովհաննես. Երբ սուպերմարկետում դրամարկղի մոտ կանգնած աղջիկը հարցնում է՝ «կներեք, դուք միասի՞ն եք», ես ասում եմ՝ «արդեն 29 տարի»։ Դա անհավանական գեղեցիկ բան է, 29 տարի տեսնել նույն կնոջը։ Նա անցնում է տրանսֆորմացիոն փուլերով, դառնում է քո երեխան, մայրը, կողակիցը, ի վերջո կլանում է ամեն ինչը, նույնականանում է քո հետ։ Իմ վրա մեծ ազդեցություն է թողել Իսպանացի Լուիս Բունյուելը, ես համարում եմ նրան իմ միակ ուսուցիչը։ Բունյուելը իր «Իմ վերջին շունչը» ինքնակենսագրական գրքում ընդամենը երկու-երեք տող է գրում կնոջ մասին։ Դա շատ տարօրինակ է թվում մինչև չես հասնում վերջին էջին, որտեղ ևս չորս բառ է գրված՝ «Նվիրում եմ Ժաննային՝ կնոջս ու բարեկամիս»։ Մի՞թե սա համատեղ կյանքի ամենափառահեղ ամփոփումը չէ։
Մարինե. Սեր ու ներդաշնակություն բոլորիս»:
Անի Գաբուզյան