Որքա՞ն է տևել աշխարհի ամենաերկար համբույրը և որքա՞ն կալորիա են ծախսում մարդիկ համբուրվելիս: Ներկայացնում է ELLE-ը:
Միջինում մարդն իր ողջ կյանքի ընթացքում համբուրվելու համար ծախսում է 336 ժամ կամ 2 շաբաթ:
Մարդու շուրթերը 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:
Համբույրը հիանալի մարզում է դեմքի համար: Համբուրվելիս դեմքի 57 մկաններից աշխատում է մոտ 30-ը: Մկանային աշխատանքը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունը և օգնում է հարթել կնճիռները:
Բացի այդ, համբուրվելն ակտիվորեն այրում է կալորիաները: Պարզապես այտին համբուրելն այրում է 5 կալորիա, իսկ կրքոտ «ֆրանսիական» համբույրը՝ 26 կալորիա:
Համբույրը կարող է ազատել սթրեսից: Գիտականորեն ապացուցված է, որ համբույրն արգելակում է գլյուկոկորտիկոիդ հորմոնների առաջացումը, որոնք մարդու մոտ առաջացնում են անհանգստություն, բարձրացնում են արյան ճնշումը և վատ ազդեցություն ունենում քնի վրա: Լավ ինքնազգացողության համար բավական է օրական երեք համբույր՝ 20 վայրկյան տևողությամբ:
Համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում է նյութ, որը մորֆինից 200 անգամ ավելի ուժեղ է: Հենց դա է պատասխանատու համբույրի ժամանակ առաջացած երջանկության զգացման համար:
Վիճակագրության համաձայն՝ մոտ 66%-ը համբուրվում է փակ աչքերով: Միևնույն ժամանակ, համբուրվողների 65%-ը գլուխը թեքում է աջ: Գիտնականները պարզել են, որ գլուխը որոշակի կողմ թեքելու սովորությունը ձևավորվում է ներարգանդային զարգացման ընթացքում:
Առաջին ֆիլմը, որում ցուցադրվել է համբույրի տեսարան, Թոմ Էդիսոնի կարճամետրաժ կինոնկարն էր՝ «Համբույր» լակոնիկ վերնագրով: Ֆիլմը թողարկվել է 1886 թվականին և տևել է ընդամենը 30 վայրկյան:
Համբույրների քանակով ֆիլմ-ռեկորդակին է «Դոն Ժուան»-ը (1927): Դրանում Ջոն Բերիմորի հերոսը նկարահանման հրապարակում 127 անգամ համբուրում է իր գործընկերներին՝ Մերի Աստորին և Էստել Թեյլորին:
Կինոյում ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան և ցուցադրվել է «Դու այժմ բանակում ես» (1941) ֆիլմում:
Ամենաերկար համբույրի համաշխարհային ռեկորդը սահմանել են անվտանգության աշխատակիցը և տնային տնտեսուհին Թաիլանդից 2015 թվականին: Զույգը մասնակցել է մարաթոնի և համբուրվել 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան: Մրցույթի պայմանների համաձայն՝ նրանք պետք է սնվեին ձողիկի օգնությամբ և ոչ մի դեպքում չբաժանվեին միմյանցից: Հաղթողները որպես մրցանակ ստացել են ավելի քան 3000 դոլար և երկու ադամանդե մատանի:
Որոշ երկրներում հասարակական վայրերում համբուրվելը համարվում է չափազանց անպարկեշտ և երբեմն նույնիսկ անօրինական: Ճապոնիայում, Չինաստանում և Կորեայում հանրային համբույրները քննադատության են ենթարկվում: Կա նույնիսկ «Ճապոնական համբույր» տերմինը՝ զուգընկերները կանգնում են միմյանցից մեկ քայլ հեռավորության վրա, մոտենում են միմյանց և ընդամենը մի վայրկյան շուրթերով դիպչում սիրելիի շուրթերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը