Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Կարեն Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: