Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը միացավ Ձյան համաշխարհային օրվան նվիրված նախաձեռնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաշմանդամների միությունն այս տարի առաջին անգամ կազմակերպեց «Դահուկային սպորտը բոլորի համար» ծրագիրը, որը պետք է խթան հանդիսանա սպորտի մասսայականացմանը նաև հաշմանդամություն ունեցող մարզասերների շրջանում:
«Նախատեսել ենք դահուկավազք երեխաների համար, բայց առաջին հերթին ուզում ենք ձնային տոն ունենալ: Այսօրվա մասնակից երեխաների թիվը մոտ 60 է, նրանք հիմնականում Երևանից և հարակից շրջաններից են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով` այս օրերին հայ մարզիկները Իրանի պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ հավաք են անցկացնում այդ երկրում: Իրանցի մասնագետների հետ քայլեր կձեռնարկվեն Հայաստանում լեռնադահուկային սպորտի պարալիմպիկ ձևի զարգացման ուղղությամբ: Նպատակ կա նաև զարգացնելու հոկեյ մարզաձևը Հայաստանում: