Մադոննան կմիանա Թրամփի դեմ բողոքի երթին
Advertisement 1000 x 90

Մադոննան կմիանա Թրամփի դեմ բողոքի երթին

Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ մասնակցելու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթին: Այդ մասին արտիստուհին հունվարի 13-ին գրել է Twitter-ում:

Հունվարին ավելի վաղ դերասանուհիներ Սքառլեթ Յոհանսոնը, Ջուլիաննա Մուրը և Ֆրանսիս Մակդորմանդը, ինչպես նաև երգչուհիներ Քեթի Փերին և Շերը հայտարարել են, որ Թրամփի պաշտոնակալության արարողության հաջորդ օրը մասնակցելու են նրա դեմ կանանց երթին:

Թրամփն ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Նա պաշտոնն ստանձնելու է հունվարի 20-ին նշանակված երդմնատվությունից հետո:

Ինչպես արդեն տեղեկացվել է, հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում, որպեսզի խափանեն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը: Բողոքավորները (նրանց թվում են DisruptJ20 և Black Lives Matter խմբերը) կփորձեն արգելափակել Կապիտոլիումի մոտ արարողության անցկացման վայր տանող բոլոր 12 անցումները:

«Մենք ցանկանում ենք տեսնել ապստամբություն, որը կփոթորկի այս քաղաքում և ամբողջ երկրում»,-Reuters գործակալությանն ասել է ակցիայի կազմակերպիչ Դևիդ Թերսթոնը:

Կազմակերպիչները խոստանում են նաև այլ «անակնկալներ», բայց ընդսմին զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել 27 նախաձեռնող խմբեր, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարիներին տրվում էր պաշտոնակալության   արարողությունների օրերին:

Սպասվում է, որ Թրամփի երդմնատվության արարողություն կայցելեն 800 հազար հանդիսականներ: Նրանց անվտանգությունն ապահովելու են 15 հազարից ավելի ուժայիններ:

Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմն առայժմ չեն մեկնաբանել բողոքավորների պլանները: