Երևանի պետական համալսարանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ բացվեց ամերիկագիտության կենտրոնը, իսկ դրան նախորդած ասուլիսի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժպ Հովհաննես Հովհաննիսյանը ջանք չէր խնայում, որպեսզի հանկարծ չհնչեն այնպիսի հարցեր, որոնք կապված չեն օրվա խորհրդի հետ։ Յուրաքանչյուր հարցից առաջ զգուշացնում էին, որ հարցը պետք է վերաբերի միմիայն օրվա խորհրդին ու իրադարձությանը։ Ու չնայած իր և ԵՊՀ նոր խոսնակի ջանքերին՝ ամեն դեպքում հնչեց հարց, որը Հովհաննես Հովհաննիսյանը, անկախ տեղից ու ժամից, ամենաքիչն է ցանկանում լսել։ Oragir.news-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԵՊՀ ռեկտորի ժպ-ն պատրաստ է հրաժարվել առաջիկայում կայանալիք մրցույթին մասնակցելուց։ Վերոնշյալ հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման․
Լրագրող․ Հարցս շատ կոնկրետ կապ ունի կրթական պրոցեսի կազմակերպման ու ընդհանրապես ԵՊՀ վարկի հետ։ Հարցն ուղղված է Հովհաննես Հովհաննիսյանին։ Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք մեղադրվում եք գրագողության մեջ, ու այժմ դատարանում ԲՈԿ-ի դեմ հայց կա, որի հետևանքով Դուք կարող եք զրկվել Ձեր գիտական կոչումներից։ ՀԵտո Կառավարությունը, առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու, իջեցրեց ԵՊՀ ռեկտորին ներկայացվող պահանջների շեմը, որպեսզի Ձեզ կարողանան նշանակել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար։ Այս հարցը նույնպես քննվում է դատարանում։ Դրան էլ գումարած, ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՍԴ-ում վիճարկվում է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում Ձեր նշանակվելու իրավակարգավորման սահմանադրականությունը։ Սա արդեն Ձեզ զրկում է ամեն տեսակ լեգիտիմությունից, անկախ այն հանգամանքից, առաջիկա մրցույթի արդյունքում Դուք կընտրվե՞ք ԵՊՀ ռեկտոր, թե՞ ոչ։
Ձայն վերոյ․ Ներեցեք, հարցը կտա՞ք։
Լրագրող․ Հարցս ուղիղ կապ ունի այս ամենի հետ, խնդրում եմ սպասեք մի փոքր։ Ի դեպ, ընտրությունների մասին․ արդեն կանխորոշված ելքով մրցույթին ոչ մեկը չցանկացավ մասնակցել, ու միայն այդ մասին աղմուկ բարձրանալուց հետո Դուք մրցույթի թեկնածու նշանակեցիք Ձեր քեֆերի սեղանի թամադային։ ԵՊՀ ոչ մի ռեկտոր երբևէ չի ունեցել այս աստիճան ցածր լեգիտիմություն, որքան Դուք։ Հիմա հարցս․ Դուք, հաշվի առնելով վերը թվարկածը, պատրա՞ստ եք հանուն ԵՊՀ հեղինակության հրաժարվել առաջիկա մրցույթին մասնակցելուց։
Հովհաննես Հովհաննիսյան․ Չնայած հարցը էլի կապ չուներ մեր օրակարգի հետ, բայց դուք սովոր եք ամեն տեղ հայտնվել ու փչացնել օրվա խորհուրդը, Ձեր ուղղորդված, գիտենք որտեղից եք ուղղորդվում, ում շահերով եք ուղղորդվում, ում գումարներով եք ուղղորդվում։ Դա բոլորը գիտեն, էստեղ նստածներն էլ բոլորը գիտեն, և սովոր եք սուտ մատնություններ անելու, որի համար կան քրեական գործեր, էս Ձեր հայտարարությունը նույնպես կավելացնենք դրան։ Էնպես որ, ես որևէ բան չունեմ ավելացնելու Ձեր նշածին, քանի որ դուք արդեն որերոդ անգամ հայտնվում եք, որպեսզի սկանդալ անեք և Դուք և Ձեր ուղղորդողները առավել մեծ չափով վնասել եք ԵՊՀ-ի հեղինակությանը և շարունակում եք դա անել, ի տարբերություն մեզ, որ ամենօրյա ջանքով փորձում ենք բարձրացնել ԵՊՀ հեղինակությունը և շարունակելու ենք դա անել, որովհետև ԵՊՀ-ն դա բոլորիս տունն է, բոլորիս հպարտությունն է և հետայսու դա լինելու է մեր ուղեգիծը։ Ինչքան էլ դուք չարչարվեք Ձեր ուղղորդողների հետ վնասելու ԵՊՀ-ի վարկին, դա միևնույնն է Ձեզ չի հաջողվելու։
Հովհաննես Հովհաննիսյանն այնքան վստահ է իշխանությունների աջակցության ու ընտրովի արդարադատության վրա, որ կարծում է, թե ինձ էլ կարող է ներգրավել արդեն հարուցված քրեական գործերի մեջ։
Աղվան Ասոյան