Չինաստանում սկսվել է ռեկորդային ամանորյա ուղեւորափոխադրումների տարեշրջանը
Advertisement 1000 x 90

Չինաստանում սկսվել է ռեկորդային ամանորյա ուղեւորափոխադրումների տարեշրջանը

Չինաստանում հունվարի 13-ին մեկնարկել է «Չունյուն»-ի՝ ռեկորդային ամանորյա ուղևորափոխադրումների տարեշրջանը: 2017 թվականին տարեշրջանը կտևի 40 օր՝ հունվարի 13-ից մինչև փետրվարի 21-ը:

«Չունյուն»-ը համարվում է աշխարհում խոշորագույն միգրացիոն երևույթը:  Ավելի վաղ ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման պետական կոմիտեն հայտնել է, որ այս տարի «Չունյուն»-ի ընթացքում Չինաստանի տրանսպորտային համակարգը կտեղափոխի 2,978 մլրդ ուղևորների, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Չինաստանի բնակիչներն ամանորյա տոների օրերին կատարել են մոտավորապես 2,91 մլրդ ուղևորություն: 2015 թվականին «Չունյուն»-ի ժամանակ ուղևորահոսքը կազմել է շուրջ 2,8 միլիարդ:

ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման պետական կոմիտեի հաշվարկների համաձայն, ավտոփոխադրամիջոցներից կօգտվի 2,52 մլրդ ուղևոր (1 տոկոսով ավելի, քան 2016 թվականին), երկաթուղային փոխադրամիջոցներից՝ 356 միլիոն, աճն անցյալ տարվա համեմատությամբ կկազմի 9,7 տոկոս, ավիացիայից՝ 58,3 մլն ուղևոր, ինչը 10 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Եվս 43,5 մլն ուղևորների կփոխադրի ջրային տրանսպորտը:

Ամանորյա ուղևորափոխադրումների ժամանակաշրջանը կապված է «Չունցզե»-ի՝ լուսնային օրացույցով Գարնան կամ Նոր տարվա տոնի հետ: 2017 թվականին Չինաստանում պաշտոնական ամանորյա տոները կտևեն հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ: 2017 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Հրեղեն Աքաղաղի տարին է:

Ավելի վաղ Ctrip չինական տուրօպերատորը տեղեկացրել է, որ 2017 թվականին «Չունցզե» ամանորյա տոների ժամանակաշրջանում չինաստանցի զբոսաշրջիկները արտասահմանում կծախսեն մոտավորապես 14,5 մլրդ ԱՄՆ-ի դոլար:

ՉԺՀ-ի զբոսաշրջության հարցերի պետական կոմիտեի կանխատեսման համաձայն, տոնական շաբաթվա ընթացքում շուրջ 6 մլն չինացիներ հանգստանալու կմեկնեն արտասահման: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին այս ցուցանիշը կազմել է մոտավորապես 5,2 միլիոն, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին: 2016 թվականին «Չունցզե»-ի ժամանակաշրջանում չինացի զբոսաշրջիկներն արտասահմանում ծախսել են 90 մլրդ յուան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: