Պետական դավաճանության դեպք
Advertisement 1000 x 90

Պետական դավաճանության դեպք

Այս տարվա հունիսի 7-ին ԱԱԾն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից արձանագրվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, ըստ ԱԱԾի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

 

Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միեւնույն նպատակի շուրջ, միմյանց միջեւ ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատեւ եւ մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ եւ ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու եւ կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար: Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ եւ կանխավճարների տեսքով գումարներ: Հնարավորինս գաղտնի գործելու եւ քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները եւ դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետեւ հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ եւ ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել եւ տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ եւ կարեւորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել եւ տեսանկարահանել են նաեւ պետական եւ ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ եւ կարեւորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրակայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը եւ այդկերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Այսինքն՝ Գագիկ Ժորայի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով: Վերոնշյալ անձինք կալանավորված են:

Ք.Մ.

armlur.am