Առաջիկա օրերի տոնական մենյուն՝ Հայկ Մարության
Առաջին մարդը, ով հասարակությունը բաժանեց սեւի ու սպիտակի, ով ատելության գարշելի այս դոզայի վրա նստեցրեց հասարակությանը՝ Հայկ Մարությանն էր։ Հեղափոխության խրոխտ զավակներից մեկը, ում հիմա նույն այդ հեղափոխությունը հավեսով խժռում է ու չկասկածեք՝ խժռելու է մինչեւ վերջին ոսկորը։
Հայկը քաղաքապետ առաջադրվեց՝ «թեկուզ Նիկոլի կոշիկի քուղը լինի» սկզբունքով, որովհետեւ այդ պահին Նիկոլը ում էլ քաղաքապետ առաջադրեր՝ բաղնիքի իր չստիկին, հեռուստացույցի պուլտին, կոշիկի վաքսին, սույն կենցաղային իրը ձայների սպանիչ մեծամասնությամբ ընտրվելու էր Երեւանի քաղաքապետ։
Ու երբ քաղաքապետի ընտրության քարոզարշավին ես ուղիղ եթերով բանավեճի հրավիրեցի Հայկ Մարությանին քաղաքի հիմնախնդիրների եւ դրանց լուծման շուրջ բանավիճելու, բայց՝ մենակ, առանց Նիկոլ, հեղափոխական իշխանությունն այդ պահից սկսած առաջինն ինձ վրա փորձարկեց իր նորաստեղծ ֆեյք ինդուստրիայի ողջ արսենալը, իսկ հետո արդեն իմ մասով կուրացիան փոխանցվեց այս պահին դեռ խորհրդարանում շպրտած հակահիգենիկ, հակաէսթետիկ, թուրքական անդաստաններում հիմնավորապես օգտագործված՝ Made in Turkey արտադրության մի փթիրի։
Ու հիմա, երբ այս հեղափոխության զավակներից մեկը դուրս է եկել իր համար գծված կավճե շրջանակից, նա այլեւս սեւ է, նա այլեւս հակահեղափոխական է՝ իր իսկ ստեղծած սեւ ու սպիտակ իդեոլոգիայի զոհը։
Երեւանի ավագանին մեկ քվեարկությամբ առաջիկա օրերին գործից հանելու է Հայկ Մարությանին, որովհետեւ այդպես է որոշել թավշյա կուտոկը։ Չզարմանաք, որ մի X պահի Հայկին նաեւ քրեական մեղադրանք առաջադրվի, որովհետեւ սա է այս իշխանության ալգորիթմը։
Ես չեմ ներկայացնում այլեւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ իմ ընկերներին կոչ եմ անում դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը։
Ոչ թե այն պատճառով, որ Հայկը լավ քաղաքապետ է, այլ պարզապես չդառնալ ներկլանային ռազբորկաների եւ հաշվեհարդարների գործիք իշխանության ձեռքին ու չմիանալ դիակապտության ֆինալային ակտին՝ երբ ֆրանկենշտեյնը, տվյալ դեպքում հեղափոխությունը՝ խժռելու է իր հերթական զավակին։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից