Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարահի 13-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի մոտ, բախվել են BYD, ВАЗ 06 և SHACMAN մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ հարվածի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: