Սեւանի նորաբաց Թումո տուփում կսովորեն 300 աշակերտ
Advertisement 1000 x 90

Սեւանի նորաբաց Թումո տուփում կսովորեն 300 աշակերտ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում տեղադրված Թումո տուփն արդեն  պաշտոնապես բացեց իր դռները՝ իր հարկի տակ ընդունելով Սեւանի տարածաշրջանի պատանիներին ու աղջիկներին։ Թումո տուփի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Աժ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սեւան համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքում գործող կրթական հաստատությունների պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, աշակերտներ։

Թումո տուփի դռները բացելու պատիվը տրվեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Երեւանի կենտրոնի ղեկավար Սիրվարդ Աթանեսյանը հրավիրյալներին եւ պաշտոնական բացման մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, դրա շրջանակներում գործող Թումո տուփերի անհրաժեշտությունը։ Գեղարքունիքի մարզում Սեւանի Թումո տուփը երկրորդն է Գավառից հետո, որը բացվել է մեկ տարի առաջ։ Մեկ հերթափոխում այստեղ դասընթաց կարող են անցկացնել 16 հոգի։ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ Գավառ քաղաքի Թումո տուփում այժմ ուսանում են 300-ից ավելի պատանիներ եւ աղջիկներ, իսկ ուսանել ցանկացողների թիվն այնքան շատ է, որ Գավառում երկրորդ Թումո տուփը բացելու անհրաժեշտություն է առաջացել։ Իսկ Սեւանի Թումո տուփում ուսանելու համար արդեն իսկ հաշվառված է 300-ից ավելի պատանի։

Սևանի Թումո տուփը բացվել է բարերարների աջակցությամբ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների եւ աշխատարանների փուլերից` արվեստի եւ տեխնոլոգիաների 14 ոլորտներում։

Գեղարքունիքի մարզում, ըստ Թումո ստեղծարար կենտրոնի ծրագրի, առաջիկա 5 տարիների ընթացքում կբացվի եւ կգործի 1 կենտրոն՝ Մարտունի քաղաքում, եւ եւս 16 տուփեր, որոնք կգործեն մարզի այլ բնակավայրերում։