Քողարկվելու «մաստեր կլաս» Ոստիկանությունից կամ «չեմ երևում, չէ՞, երեխեք». Oragir News (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քողարկվելու «մաստեր կլաս» Ոստիկանությունից կամ «չեմ երևում, չէ՞, երեխեք». Oragir News

Եթե քողարկման աշխարհի առաջնություն լիներ, ապա ՀՀ ոստիկանությունը անպայման մրցանակ կշահեր՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։

Այսօր Զաքիյան- Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում էլ ոստիկանությունը վայելեց հանդիսատեսի համակրանքն ու օվացիաները։ Բանն այն է, որ վերջիններս «դիվերսիոն- հետախուզական» միջոցառում էին իրականացնում նշված վայրում, այն խիստ գաղտնի էր, ուղղակի միայն իրենց կարծիքով։

Անցորդների ուշադրությունը գրավել էր կայանման համար արգելված վայրում կանգնած արծաթագույն «Օփել» մակնիշի մեքենան, որի համարանիշները դիմակով փակված էին, իսկ մեջն էլ 5 ոստիկան կար։ Թերևս, այդ մեքենան ավելի աննկատ կլիներ, եթե Ամանորի շեմին ծածկեին եղևնու ճյուղերով։

Փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանները այդտեղ կանգնել, ծեծեցինք պատահունը, ապակին իջավ, և փայլեցին կապիտանի աստղերը․ «Լսում եմ Ձեզ»,- ասաց ոստիկանը։

«Ուզում ենք իմանալ, թե ինչո՞ւ եք համարանիշները ծածկել դիմակով»,- ասացինք ոստիկանին։

«Հեսա մի րոպե»,- ասաց նա ու բարձրացրեց մինչև վերջ մգեցրած ապակիները։ 1 րոպեն դարձավ 2, 2-ը՝ 5, 5-ն էլ 10, որոշեցինք մեկ անգամ էլ թակել պատուհանը։

Երկրորդ թակոցից հետո ենթադրյալ հանցագործին հետապնդող ոստիկանները լուռ հեռացան։ Հետագայում հավանաբար ոստիկանությունում այս օպերացիան կկոչեն՝ «Չենք երևում, չէ՞, երեխեք»։

oragir.news