Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։
Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
Դեռևս 1870-1880 թվականներին ներկայիս Արամի փողոց 3 հասցեում Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից կառուցվել է մեկհարկանի տուֆակերտ շինություն։ Երևանի պատմության թանգարանից ստացված տեղեկատվության համաձայն` Արամի 3 հասցեում գտնվում էին Սոֆի Մելիք-Օհանջանյանի տունը և խանութները։ Խորհրդային տարիներին այդտեղ գործել է գրախանութ։ 19-րդ դարում կառուցված շենքի լուսանկարներ մեզ չհաջողվեց գտնել, բացառությամբ այս մեկից։ Ստորև ներկայացված լուսանկարի կենտրոնում և աջ կողմում երևում է «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումը, իսկ ձախ կողմում Մելիք-Օհանջանյանի տունն է։
Ամբողջությամբ՝ hetq.am