Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր, մեղադրող դատախազն էլ դիմել էր վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։
Այդ քրեական գործով կալանավորված են 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։