ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ավագանու որոշումների հիման վրա հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: