«Շենգավիթ» ԲԿ-ն տեղեկացնում է.
«53 ՏԱՐԵԿԱՆ ԿԻՆԸ ՄԱՅՐԱՑԵԼ Է.ԾՆՎԵԼ Է ԱՌԱՋՆԵԿԸ` ԱՆԱՀԻՏԸ
«Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում ենք աննախադեպ, երջանիկ իրադարձությամբ։ Ամանորի հրաշքներին թերևս հավատալ պետք է։
53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքն անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չենք հրապարակում) դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Մի շարք դժվարություններ հաղթահարելու հետո, արտամրամնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։
Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։
Ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։
Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հուզիչ հանդիպումը ծնարանում, երբ առաջին անգամ բժիշկը նորածնին մոտեցրեց երջանիկ մայրիկին։
Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են և իրենց շնորհակալություն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնագետներին, իրենց անփոխարինելի բժիշկներ Աշոտ Սիրունյանին և Աննա Խաչատրյանին՝ նոր կյանքի հնարավորության և Անահիտ անունով մի բուռ երջանկության համար:
Մենք ևս շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն փոքրիկին։