Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2021թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, ՀՀ-ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ գրավոր հարցմամբ դիմել էինք ՔԿ` զինծառայողների աճյունների/մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել էր, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկում են արտերկիր։ Ուստի ՔԿ-ից հետաքրքրվել ենք նաև, թե քանի՞ մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման։
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,- նշվում է ՔԿ-ի պատասխանի մեջ։
2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել թվով 53 բարդ փորձանմուշ՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով, որոնց պատասխանները ստացվել են: Նոյեմբերին ևս 47 փորձանմուշ է ուղարկվել, որոնցից 42 փորձանմուշից է ստացվել ԴՆԹ. 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։
Իսկ հարցին, թե ո՞ր երկրներ են ուղարկվում զինծառայողների մասունքները նույնականացման` քննչական կոմիտեն հայտնել է, որ միայն Հոլանդիա են ուղարկվել դրանք։ ՔԿ-ն, սակայն, հավելել է, որ նախաքննական գաղտնիք է պարունակում մեր հարցը, թե մինչ օրս քանի մասունք կա, որոնք դեռ չեն նույնականացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։