Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։
Տեղեկացրել էի, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էի հղել՝ պահանջելով պարզաբանել հետևյալ հարցերը․
1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։
2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։
3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։
4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։
5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։
7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։
Եվ աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։
Իմ հարցմանը Արայիկ Հարությունյանը մասնավորապես պատասխանել է․
««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին:
Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»:
Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ կառավարական առանձնատնից պարբերաբար լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների»։