Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց՝ Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին։
Ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի՛ նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։
Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե այ, Ղազախստանն Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք։
Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունն» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։
Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանն իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձություններն ունեն առաջնային կարևորություն։
Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի»։