«Քանաքեռցի Տույի», «Տյուշի» և ևս երկու անձի սպանության գործով մեղադրյալների թիվը 7-ն է, սակայն նրանցից միայն երկուսն են կալանքի տակ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

«Քանաքեռցի Տույի», «Տյուշի» և ևս երկու անձի սպանության գործով մեղադրյալների թիվը 7-ն է, սակայն նրանցից միայն երկուսն են կալանքի տակ. pastinfo.am

«Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի և «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների գործով հինգ անձ մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, երկուսը՝ սպանության հանցակցության մեջ, սակայն կալանավորվել են նրանցից միայն երկուսը։ Ավելին, նախաքննական մարմին խուսափում է ասել՝ բացահայտվել է արդյոք նախկին պատգամավորի սպանությունը, պարզվել է, թե ինչ հրազենից է սպանվել։ Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիք է դա համարում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։

Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։

Քրեական գործի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե քանի անձի է մեղադրանք առաջադրվել, ինչ խափանման միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, պարզվել է արդյոք, թե ում կողմից արձակված կրակոցի հետևանքով է սպանվել Արտուշ Ավագյանը, քանի զենք է կիրառվել դեպքի վայրում, հայտնաբերված զենքերից քանիսն են պահվել ապօրինի հիմքով, ում է պատկանել օրինական հիմքով պահվող զենքը, արդյո՞ք համապատասխանում է տեղեկությունը, որ այն եղել է պարգևատրված զենք՝ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հետաքրքրվել էինք նաև, թե նախաքննական մարմնի կողմից քանի՞ վարկած է առաջ քաշվել՝ դեպքի պատճառների վերաբերյալ, քննությամբ պարզվել է արդյո՞ք զինված միջադեպի շարժառիթը։

Այսպես, գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից տեղեկացրել են, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա հասցեում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն։

«Քննության ներկա փուլում որպես մեղադրյալ է ներգրավված 7 անձ, որից 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,- հայտնել են ՔԿ-ից։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից 2-ը գտնվում է փաստացի կալանքի տակ, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 1-ը՝ կալանավորման իրավաչափության դեմ բերված վերաքննիրչ բողոքի քննարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, իսկ մյուս 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դեպքի վայրում հայտնաբերված զենքերի պատրաստման եղանակը, տեսակը, դրանք կիրառած անձանց ինքնությունը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատաապրանքագիտական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են ՔԿ-ից։

pastinfo.am